«Հրապարակը» գրում է.
«Իրենց հեղափոխական ու դեմոկրատ հռչակած իշխանությունները բազմիցս ապացուցել են, որ կատեգորիկ տանել չեն կարողանում իրենց հասցեին հնչող քննադատական խոսքը, եւ հաշվեհարդար են տեսնում ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց նկատմամբ` մի մասի դեմ գործեր են հարուցում, մյուսներին` աշխատանքից ազատում: Հատկապես թիրախավորվում են այն դասախոսները, ովքեր համարձակվում են քննադատել Նիկոլ Փաշինյանին ու նրա վարած քաղաքականությունը:
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները «Հրապարակին» պատմեցին, որ մոտ 20 ուսանող պատրաստվում էր այս տարի դիմել Ժուռնալիստիկայի ֆակուլտետի PR մագիստրոսական ծրագրի համար, սակայն անակնկալ կերպով հայտարարվել է, որ ծրագիրն այս տարվա սեպտեմբերից փակվում է: Ուսանողներն այս քայլը կապում են նույն ֆակուլտետի դասախոս Աստղիկ Ավետիսյանի եւ ԵՊՀ-ի ղեկավարության միջեւ լարված հարաբերությունների հետ, քանի որ մագիստրոսական ծրագիրն Ավետիսյանն էր ղեկավարում:
Բանն այն է, որ նախորդ տարի էլ Աստղիկ Ավետիսյանը հավակնում էր դառնալ ԵՊՀ Տպագիր եւ հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչ, սակայն հայտարարված մրցույթը, որին մասնակցում էր նաեւ նույն ֆակուլտետի դասախոս Նանե Վարդանյանը, չեղյալ է համարվել: Բանն այն է, որ բուհի ղեկավարությունը Վարդանյանին էր ցանկանում տեսնել ամբիոնի վարիչի պաշտոնում, սակայն քանի որ վերջինս չի համապատասխանել պահանջներին` 5 ուսումնական տարում առնվազն 5 գիտական հոդվածի հրապարակում չի ունեցել, չի հաղթել մրցույթում, նոր մրցույթ էլ չի հայտարարվում: Եվ 2021 թվականի նոյեմբերից ի վեր այս ամբիոնը չունի վարիչ: Մեկուկես տարի ամբիոնի վարիչի պարտականությունները ժամանակավորապես կատարում էր դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, վերջին շրջանում էլ ամբիոնի վարիչի ԺՊ է նշանակվել Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը, ով որպես դասախոս երբեք ֆակուլտետում ակտիվությամբ աչքի չի ընկել: Ուսանողները «Հրապարակին» պատմեցին նաեւ, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն անձամբ է զբաղվում այս հարցով եւ ամեն ինչ անում է, որպեսզի ոչ թե Ժուռնալիստիկայի, այլ Սոցիոլոգիայի ֆակուլտետի Փիար մագիստրոսական ծրագիրը զարգանա, որտեղ հիմնականում իշխանական կադրեր են:
Ի դեպ, Ժուռնալիստիկայի Փիարին փոխարինելու է եկել «Հեռուստալրագրություն» մագիստրոսական ծրագիրը, որը ենթադրում է մասնագիտական պրակտիկա Հանրային հեռուստաընկերությունում: Մեր զրուցակիցը նաեւ նշեց, որ շուրջ քսան ուսանող սկզբունքային կերպով այլ ֆակուլտետ է դիմել` մագիստրատուրայում սովորելու համար: Ստացվում է` Ժուռնալիստիկայի ֆակուլտետը պատրաստ է կորցնել երկու տասնյակ ուսանող, միայն թե վրեժ լուծի կոնկրետ դասախոսից:
Ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը «Հրապարակի» հարցին, թե ինչու չի բացվել մագիստրոսական ծրագիրը, եթե 20 եւ ավելի ուսանող ցանկություն է հայտնել այնտեղ սովորելու, ասաց. «Որեւէ դիմորդ ծրագիրը չի ունեցել: Մենք քիչ առաջ ավարտեցինք Հեռուստալրագրություն մագիստրոսական ծրագրի ընդունելության քննության երկրորդ փուլը: Փիար ծրագիրն անգամ մեկ դիմորդ չի ունեցել»: Բայց ինչպե՞ս կարող էր ծրագիրը դիմորդ ունենալ, եթե ծրագիրը փակվել է, առնվազն մնաց անհասկանալի: Աստղիկ Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց. «PR մագիստրոսական ծրագրում երբեք թափուր տեղեր չեն եղել։ ԵՊՀ-ի այն մագիստրոսական ծրագրերից է եղել, որ միշտ դիմորդները հատկացված տեղերից ավելի շատ են եղել։ Այս տարի ֆակուլտետը հայտարարել է միայն մեկ մագիստրոսական ծրագրի մասին, որը, ցավոք, PR եւ հաղորդակցային տեխնոլոգիաներ մագիստրոսական ծրագիրը չի եղել։ Կրթական ծրագիրը միշտ մեծ պահանջարկ է ունեցել. շրջանավարտների 99%-ն աշխատում է, եւ աշխատաշուկայում լավագույններն են, որովհետեւ ստացել են թիրախային եւ մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ։ Ցավում եմ, որ կրթական համակարգում չկան խոր վերլուծություններ կրթական ծրագրերի արդյունավետության մասին։ Այս տարի մոտ 20 շրջանավարտ, որոնք պոտենցիալ մեր ուսանողներն էին, դիմել են այլ բուհեր եւ ֆակուլտետներ` մագիստրոսական կրթություն ստանալու համար»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը